Քիչ առաջ Ազգային ժողովում հանդիպել եմ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Հանդիպմանը ներկայացրել եմ վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի ուղղություններով իրականացվող ագրեսիան՝ անդրադարձ կատարելով նաև այն փաստին, որ հակառակորդը ռազմական գործողություններում ներգրավել է նաև վարձկան ահաբեկիչների:
Դեսպան Զոհուրին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի շուրջ՝ հույս հայտնելով, որ խնդիրը կհանգուցալուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, և այս կապակցությամբ փոխանցել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին:
Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել վերջին օրերին ծավալված իրադարձությունների մի շարք հանգամանքների վերաբերյալ: