Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից եզակի որոշում. ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարության դիմումի հիման վրա որոշել է միջանկյալ միջոց կիրառել: Եվրոպական դատարանում երրորդ նախադեպը մեր հաջողության որոշումն է:
Եղիշե Կիրակոսյան (Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ) - Առաջին երկուսը Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացրած որոշումներն են: Սա մեր հաջողությունն է, որովհետև ՀՀ-ի ներկայացրած դիմումի ու ապացույցների վրա է սա կայացվել, երրորդ՝ դատարանը նույնիսկ հարկ չի համարել սա Ադրբեջանի կառավարությանն ուղարկել, ինչը միջոցի կիրառման համար սովորաբար արվում է: Սա դիմում է միջանկյալ քայլերի համար, որը բավարարվել է, որը բերում է գանգատ, սակայն դա դեռ քննարկվում է, որովհետև դա ներկայացվում է կառավարության որոշման վրա:
ՄԻԵԴ-ը նաև կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին՝ կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, զերծ մնալ ռազմական գործողություններից, որ կհանգեցնեն քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը: Պարտավորությունների կատարման մասին տեղեկությունը երկու կողմն էլ պետք է Եվրոպական դատարան ներկայացնեն հնարավորինս սեղմ ժամկետում։ Ադրբեջանը, սակայն, Եվրոպական դատարանի կոչերին ականջալուր չի եղել՝ արձանագրում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:
Արտակ Բեգլարյան - Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունեն միայն հայկական զինված ուժերը: Իհարկե, ողջունելի է, որ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել։ Վճռի հրապարակումից և ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում քննարկումներից անմիջապես հետո, սակայն, Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ, որոնք, բարեբախտաբար, խոցել են մեր ՀՕՊ ուժերը. դրանցից մեկը այս պահին իմ գտնվելու վայրից մետրերի հեռավորության վրա է:
Ի՞նչ է անելու հայկական կողմը: Հայաստանի ներկայացուցիչն ասում է՝ այսօր կամ վաղը մեր գործընկերների ձեռնարկած միջոցառումների մասին կտեղեկացնենք Եվրոպական դատարանում:
Կսպասենք նաև Ադրբեջանի արձագանքին. դիրքորոշումը կլինի ըստ այդ արձագանքի: