«ՄԻԵԴ-ը երեկ հրապարակել է միջանկյալ որոշում, որում կոչ է արվում Ադրբեջանին և Հայաստանին՝ զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ: Եվրոպական դատարանի որոշման մեջ նաև ասվում է, որ կողմերը պետք է հնարավորինս շուտ տեղեկացնեն դատարանին ձեռնարկած միջոցների մասին, որոնք ուղղված են հենց կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ապահովելուն»,- տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Հիշեցնենք՝ Հայաստանն Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման մասին դիմում է ներկայացրել ՄԻԵԴ:
Կիրակոսյանն ընդգծեց՝ Եվրոպական դատարանի կողմից որոշման տեքստն ակնկալելի էր: Բայց մյուս կողմից՝ եզակի դեպք է, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնի միջանկյալ միջոց: Կիրակոսյանի խոսքով՝ սա կարելի է համարել թվով երրորդ նման որոշումը:
«Բոլոր դեպքերում դատարանը անդրադառնում է երկու կողմին էլ: Մեզ համար սա հաջողություն է, որովհետև ՀՀ-ի դիմումի հիման վրա է սա կայացվել, երկրորդ՝ ՀՀ-ի ներկայացրած ապացույցների հիման վրա է կայացվել, երրորդ՝ որ դատարանը նույնիսկ հարկ չի համարել ուղարկել Ադրբեջանի կառավարությանը լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն ստանալու համար, ինչը միջանկյալ միջոցի կիրառման ժամանակ սովորաբար արվում է»,- ասաց Կիրակոսյանը՝ նշելով, որ այն դիմում էր միջանկյալ միջոց ներկայացնելու համար, որը բավարարվել է:
Եղիշե Կիրակոսյանը մեկնաբանեց նաև միջանկյալ միջոցի իմաստը. այդպես կողմերին պարտավորեցնում է ձեռնպահ մնալ կոնկերտ գործողությունների կատարումից, որը հետագայում, եթե վեճ առաջանա, անդառնալի հետևանքներ կառաջացնի: