«Դիրքերի շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել, ընթացել են շատ ակտիվ, լայնածավալ մարտական գործողություններ նույն տարածքներում՝ Օմարից մինչև Արաքս, հիմնականում՝ Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, «Եղնիկներում», Մատաղիսում, ոչ այնքան ակտիվ՝ կենտրոնական, արևելյան ուղղությունում, իսկ շատ ակտիվ՝ հարավարևելյան ուղղությունում՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ»,- տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի տեղեկատվական շտաբում ամփոփելով օրը։
Նրա խոսքով՝ երկու կողմն էլ կորուստներ ունի, բայց հակառակորդի կորուստները անգամներով ավելի շատ են։
«Ես զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների մասով, որովհետև հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում՝ շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի առումով։ Սա ամենամեծ ոչ մարդկային, բարբարոսի կերպար է, որը մենք տեսնում ենք։ Ունենք բազմաթիվ փաստեր արդեն, որ մարտական գործողությունները սկսելու առումով պլաններ շատ վաղուց էին կազմել»,- ասաց Հարությունյանը:
Նա հիշեցրեց՝ որոշ լրատվամիջոցներ ցանկանում էին մեդիայում իր մասով բացասական կերպար ստեղծել, քանի որ ինքն ամենաշատը կարևորում էր Արցախի անվտանգությունն ու իր ամբողջ գործունեությունը ուղղում էր դրա բարձրացմանը։ Հարությունյանը խոստացավ պատերազմի ավարտից հետո բացահայտել և՛ պատվիրատուներին, և՛ նպատակը։
Նա անդրադարձավ ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցությանը, ասաց՝ պատահական չէ, վերջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձևավորվել։ Տարածաշրջանի և հայկական աշխարհի նկատմամբ Թուրքիայի ամբիցիաները հարյուրամյակներ են ընթանում։ Նախագահը խոստացավ պանթյուրքիզմի աշխարհագրական քարտեզը ցույց տալ մոտ ապագայում։
«Չի ստացվելու, որովհետև ունենք հերոսական ժողովուրդ, հերոսական երիտասարդություն, որոնք պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու հող հայրենին։ Որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, որը հասցրել է արդեն խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը մեր հայրենիքին։ Որովհետև ունենք Արցախյան գոյապայքարի մասնակից, Արցախյան առաջին պատերազմի, Ապրիլյան պատերազմի մասնակից մարտական ընկերներ, որ 2 օրվա մեջ կարողացել է հակառակորդի երեք տեխնիկա առգրավել և այսօր օգտագործել հակառակորդի դեմ։ Որովհետև ունենք հայրենակից, որը, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն թշնամիների հետ միասին։ Որովհետև մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրում և այդ վարձկաններին մեր գլխին պատուհաս չենք սարքում ժամանակի ընթացքում։ Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել ու չի գրավվելու»,- նշեց նախագահ Հարությունյանը: