Քաղաքագետ Թևան Պողոսյանը Արցախի տեղեկատվական շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց քաղաքագիտական վերլուծություն՝ նշելով, որ հակամարտությունը ոչ թե 30, այլ 102 տարվա պատմություն ունի։
«Ցավոք սրտի, այսօր բանակցային գործընթաց տեղի չի ունենալու և, ցավոք սրտի, երկար տեղի չի ունենալու, քանի որ հողի վրա իրավիճակ չի փոխվել։ Եթե մեր պապերը 1994 թ. չձևավորեին իրական հողի վրա այն իրականությունը, որը ունեինք, Բիշքեկյան համաձայնագիրը չէր ստորագրվելու։ Եթե մենք ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն իրական և ունենան փաստաթուղթ, որը թույլ կտա էլի ժամանակ շահել հզորացնելու, ապա մենք պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ իսկապես հողի վրա նոր իրականություն ձևավորվի։
Եվ հուսով եմ, որ հայ ազգը տերը կլինի Դավիթ Տոնոյանի ասած խոսքերին՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Եվ մենք պետք է չփորձենք մտածել, որ ինչ-որ մեկը ինչ-որ ճնշումներով մեր տեղը գալու է այս հարցը լուծելու։ Այս հարցում մենք դաշնակից չունենք։ Միակ դաշնակիցը Արցախի Հանրապետության ՀՀ-ն է, ՀՀ-ի դաշնակիցը Արցախի Հանրապետությունն է»,- նշեց Պողոսյանը։
Ըստ քաղաքագետի՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքման հաջորդ րոպեին պետք է սկսվի Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից։