Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խառնաշփոթ է առաջացրել իր «ցուցմունքներում»: Ելույթ ունենալով «Ռոսիա 1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդաշարի եթերում՝ նա ասել է, որ «Թուրքիան չի մասնակցում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությանը»:
Մինչդեռ նախօրեին նույն Ալիևը «Միջազգային ծովային իրավունքը և Արևելյան Միջերկրականը պատմության, քաղաքականության և երկրների միջև հարաբերությունների տեսանկյունից» թեմայով միջազգային սիմպոզիումի ժամանակ շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Ղարաբաղում հակամարտության հարցում ցուցաբերած աջակցության համար:
«Ադրբեջանի դեմ Հայաստանի զինված ուժերի հերթական ռազմական սադրանքի առաջին ժամերից եղբայրական Թուրքիան, հարգարժան պարոն նախագահի գլխավորությամբ, վճռականորեն դատապարտեց Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիան և ցուցաբերեց իր լիարժեք աջակցությունը, ինչն Ադրբեջանի ժողովուրդը բարձր է գնահատում»,- ասել է Ալիևը: