Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական TASNIM գործակալությանը:
Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սկսվելու պատճառը:
Պատճառը Ադրբեջանի ծայրահեղ կոշտ դիրքորոշումն է, խաղաղ բանակցային գործընթացից հրաժարվելու և Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունն է:
Նման բախումները, որպես կանոն, արագ կարգավորվել են, և հրադադար է հաստատվել: Ինչո՞ւ է այս անգամ այն հասել այսպիսի լարվածության:
Ռազմական բախումներից հետո հրադադարի հաստատումը մշտապես կապված է եղել բազմաթիվ դժվարությունների հետ, և երբեք այն դյուրությամբ տեղի չի ունեցել:
Ինչ վերաբերում է այս վերջին իրադարձություններին, ապա պետք է արձանագրել, որ ռազմական գործողությունների մասշտաբները, ընդգրկման սահմանները կանխորոշել է հարձակվող կողմը՝ Ադրբեջանը: Եվ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է փաստացիորեն դուրս գալ խաղաղ գործընթացից և փորձում է հակամարտությունը լուծել պատերազմի միջոցով:
Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է և միջազգային հանրության համար ընդունելի՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը չունի ռազմական լուծում:
Արդյոք վերջին շաբաթների զարգացումները չե՞ն նշանակում, որ կողմերը պատրաստվում են երկարատև պատերազմի:
Հայկական կողմը խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի լուծման կողմնակից է, սակայն մենք պատրաստ ենք ընդունելու մեզ պարտադրված մարտահրավերները, և այս իմաստով Հայաստանի, Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և ողջ հայության ներսում լիակատար միասնություն կա:
Իհարկե, պատերազմը մարդկային կյանքեր է խլում, և սա մեր ամենամեծ և անդառնալի կորուստն է:
Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու Ադրբեջան-Թուրքիա դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը:
Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է, և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսել ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։
Ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խումբը մինչ օրս հակամարտության կարգավորման հարցում հաջողություն չի ունեցել: Արդյոք Դուք լավատե՞ս եք այս հարցում:
ԵԱՀԿ կողմից ստեղծված Մինսկի խումբը և դրա եռանախագահող երկրները Ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ միջազգային ձևաչափն է:
Հայկական կողմն այսօր էլ համագործակցում է վերոնշյալ երկրների հետ: Ի հավելումն դրա՝ պետք է նշել, որ ՌԴ-ը մեր ռազմավարական գործընկերն է և Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ) առանցքային անդամը, մի կազմակերպություն, որը Հայաստանի միջազգային անվտանգության ապահովման կարևորագույն կառույցն է:
Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դերն այս զարգացումներում: Վերջերս Թուրքիան զորավարժություններ անցկացրեց Նախիջևանում և, ըստ երևույթին, այդ ուժերը դուրս չի բերել այնտեղից: Արդյոք Թուրքիայի նպատակը Նախիջևանում ռազմաբազա ստեղծե՞լն է: Որքանո՞վ դա կարող է մեծացնել լարվածությունը կամ հակառակը՝ նպաստել խնդրի լուծմանը:
Ինչպե՞ս կարող է Ղարաբաղյան հակամարտության հարցում բացարձակ միակողմանի և Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք դրսևորող երկիրը նպաստել խնդրի լուծմանը: Ձեր նշած զորավարժությունները մեր և ձեր երկրի սահմանների մերձակայքում ուժի ցուցադրումից զատ այսօր արդեն դարձել են ռազմական բախմանը մասնակցության էական գործոն:
Կարծում եմ՝ այս իրողությունները նաև անհանգստության պատճառ պետք է լինեն Իրանի համար:
Ի դեպ, լրատվական դաշտում (այդ թվում նաև՝ իրանական) բազմաթիվ տեղեկություններ կան Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկչական խմբերի ներգրավման մասին: Արդյոք իրանական կողմին չի՞ մտահոգում, թե նրանք որտեղ կարող են հայտնվել ռազմական գործողությունների ավարտից հետո:
Ո՞րն է Ձեր տեսակետը Իրանի միջնորդական առաքելության վերաբերյալ: Թվում է, թե իր պատմական կապերով, հարևանության հանգամանքով և անկողմնակալ դիրքորոշմամբ Իրանը կարող էր այս հակամարտության կարգավորման համար օգտակար լինել:
Չափազանց կարևոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Հատկապես, նկատի ունեմ խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով խնդիրը լուծելու Իրանի անփոփոխ դիրքորոշումը:
Մեզ համար խիստ դրական ուղերձ էր նաև այս օրերին հրապարակված ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրապարակումն՝ ուղղված հակամարտող կողմերին՝ խաղաղ բանակցությունների վերսկսմանն աջակցության պատրաստակամության մասին:
Կապված Իրանի միջնորդական գործունեության հնարավորության հետ՝ պետք է նշել, որ ներկայումս գործող միջազգային միջնորդական հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է և այն որևէ կերպ փոխարինելու օրակարգ գոյություն չունի:
Ո՞րն է ԱՄՆ-ի և ՌԴ-ի դերն այս վերջին զարգացումներում:
Երկու երկրներն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամներն են և հանդես են գալիս ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ բանակցությունների անցնելու կոչով:
Ձեր կարծիքով՝ որքա՞ն կշարունակվեն ռազմական գործողությունները: Ինչպե՞ս եք տեսնում իրական և մնայուն լուծումը:
Շատ դժվար է որևէ կանխատեսում անել, երբ ընթանում են լայնածավալ մարտական գործողություններ, երբ Ադրբեջանը հարձակում է գործել նաև Հայաստանի Հանրապետության տարածքի ուղղությամբ:
Ցանկանում եմ ընդգծել, որ մենք՝ Հայաստանը և Արցախը, վճռական ենք մեր ողջ կարողությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, Հայաստանի անվտանգությունը: