Կիրակի վաղ առավոտից՝ պատերազմի լուրն առնելուն պես, ամերիկահայ համայնքը գրոհեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենակը։ Բերել ու շարունակում են բերել առաջին օգնության պարագաներ, դեղորայք, քնապարկ, նույնիսկ հագուստ ու սնունդ։ Բայց հիմնադրամի պատասխանատուները շեշտում են՝ ամենակարևորն այս պահին դրամական փոխանցումն է։
Նախորդ օրերին, երբ հաքերները կոտրել էին հիմնադրամի կայքը, շատերը, փողը ձեռքներին, տարակուսել էին՝ ինչպես այն տեղ հասցնել։
Համայնքում հայտնի եղավ դրամահավաքի անհատական նախաձեռնությունների մասին։ Գործը մեծապես կշահի թե՛ արդյունքի, թե՛ վստահության իմաստով, եթե գումարի փոխանցումն իրականացվի միայն հիմնադրամի միջոցով։
Վերջին օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մասնաճյուղին համայնքը փոխանցել է մոտ 2 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, հիմնադրամում հավաքվել է մոտ 5 մլն դոլար։
Ամեն օր հիմնադրամի գրասենյակ է շտապում երեք տասնյակից ավելի կամավոր՝ պատասխանում են հեռախոսազանգերին, օգնում փաթեթավորել առաջին օգնության իրերն ու կապել արկղերը։
Առաջին օգնության պարագաներով լի առաջին արկղերը կամավորները տեղափոխեցին փոխադրող ընկերություն։ Դրանք Հայաստան ու Արցախ կհասնեն օդանավով։