«Այսօր հեռախոսազրույցներ ունեցա Ղրղզական Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Դամիր Սագինբաևի և Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական-անվտանգության խորհրդի քարտուղար Ասեթ Իսեկեշևի հետ:
Հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել եմ ս.թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Զուգահեռաբար, մատնանշել եմ տարածաշրջանային և միջազգային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի՝ որպես ապակայունացնող գործոն լինելու և հակամարտության մի կողմին ուղղակի աջակցություն ցուցաբերելու հանգամանքը:
Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով շարունակում է փայլուն կերպով կատարել իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Նշեցի նաև, որ ստեղծված իրավիճակում Արցախի պաշտպանության բանակը և ՀՀ Զինված ուժերը տարածաշրջանային կայունության և անվտանգության միակ երաշխավորներն են:
Ղրղզական Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարները ընդգծել են հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»,-հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: