Արծրուն Հովհաննիսյանը այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ այս օրերի ռազմական գործողություններին թուրքական կործանիչների ներգրավվածությանը:
«Դեռ օգոստոսի 13-14-ին, երբ զորավարժություններն ավարտվեցին Ադրբեջանում, և կործանիչները չհանվեցին Ադրբեջանից՝ մնալով օդանավակայաններում, ՊՆ-ը հարցը բարձրացրել է համապատասխան մարմիններին։ Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում էր էս ամեն ինչը չընդունել ու այն ծիծաղելի հայտարարությանը, թե իբր իրենց ռազմաօդային ուժերում չկա F16, մենք լավ գիտենք` իրենց ռազմաօդային ուժերում ինչ կա, և լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները իրենց առաջ դրված խնդիրը չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար F16-երն այնտեղ են, և լավ գիտենք, որ իրենք F16-ի հետ վաղուց աշխատում են զորավարժություններով»,- նշեց Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ հայկական կողմն ունի նաև հետախուզական ապացույցներ:
Հովհաննիսյանը հիշեցրեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը, որ դեռ օրեր առաջ F16-երը կատարում էին հետախուզական թռիչքներ։
Հովհաննիսյանի խոսքով, F16-ից բացի՝ Ադրբեջան են բերվել նաև այլ սարքեր, օրինակ՝ «Բայրաքթար»:
«Մենք շատ լավ հասկանում ենք, այդքան փորձ ունենք, որ F16-ը օդում է, աշխատում է, «Բայրաքթարին» է օգնում, զուգահեռ՝ սահմանի մյուս կողմից թուրքական ռադիոտեխնիկական կապի և կառավարման ինքնաթիռ է թռչում։ Բորդերով գիտենք, համարներով գիտենք, շատ լավ գիտենք այդ ամեն ինչը։ Եվ ինչպես են փոխհամաձայնեցված աշխատում իրար հետ։ Շատ լավ գիտենք, որ F16-ը միայն կարող էր այդ ժամանակ, գտնվելով թեկուզ 60 կմ հեռավորության վրա, համապատասխան բարձրությւոնից տեսնել ՍՈՒ-25-ին, որովհետև ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող իրենց այդ պահին, այդ տեղում կարող էր, որովհետև գտնվում էր 6-8 կմ բարձրության վրա։ Եվ շատ լավ գիտենք, որ իր սպառազինության մեջ եղած հրթիռները ի վիճակի են խոցել մինչև 90-100 կմ հեռավորության թիրախ, և միայն իրենք են ի վիճակի խոցել։ Եվ եթե որևէ մեկը կասկած ունի, կարող ենք տրամադրել այդ ամեն ինչը»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ F16-երը Հայաստանի և Արցախի օդային տարածք չեն մտել՝ դրա անհրաժեշտությունը չունեն, բայց ունեն հնարավորություն՝ հեռահար միջոցներով լուծելու այդ խնդիրը: