Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի վրա կրակել է առաջին իսկ օրից՝ թիրախավորելով Վարդենիսի ուղղությունը։
«Խոսակցությունը նոր չէ ճակատ բացելու մասին։ Առաջին իսկ օրից այս ճակատն օգտագործվել է։ Փաստացի ՀՀ տարածքը թիրախավորվել է հենց առաջին րոպեից, և սա նորություն չէ։ Մեր զինված ուժերը լիովին կազմ-պատրաստ են ցանկացած ուղղությամբ՝ լինի Վարդենիսի, թե այլ ուղղությամբ, այդ թվում՝ Նախիջևանի, մարտնչելու համար»,- հավելեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն ներկայացրել է, թե իբր բարձրաստիճան զինվորականների կորուստ ունենք, և իբրև թե Մարտունու զորամասն է ամբողջությամբ ոչնչացվել: Արծրուն Հովհաննիսյանը ընդգծեց՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
«Հայտարարությունն անգամ խոսում է ցածր որակի, ցածր մակարդակի զինվորական գիտելիքների մասին։ Բարձրաստիճան այլ զինվորականի, գեներալի մասին նույն ապատեղեկատվությունը շրջանառվում է, այն չի համապատասխանում իրականությանը։
Հասկանալով, որ կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են իրենց և մեր կորուստները համադրության մեջ։ Դրա համար էլ փորձելու են իրենց բնակչությանը կերակրող հոդվածներ հորինել»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Նախիջևանի կողմից իրավիճակը համեմատաբար հանգիստ է, բայց մենք զգոն ենք։