Բոլոր հարձակումներն առաջին պահից սկսած ուղեկցվում են ատելության ինտենսիվ, լայնածավալ խոսքով: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա տեղեկացրեց, որ իրականացված մոնիթորինգը վկայում է, որ էթնիկ հայերի նկատմամբ դրանք դարձել են համակարգված, տարածվում են հատուկ պատրաստված տեսանյութեր սոցիալական ցանցերում, որոնք նպատակ ունեն խաղաղ բնակչության շրջանում առաջացնել վախ, տագնապ:
Թաթոյանի խոսքով՝ քարոզչություն է իրականացվում բռնության, սպանության կոչերով:
«Մասնագետների հետ մենք քննարկումներ ենք ունեցել այդ սոցիալական ցանցերի վտանգավորության հետ կապված, և եզրահանգումն այն է, որ դրանցից առավել վտանգավորը TikTok կոչվող սոցիալական ցանցն է, որովհետև այդ տիրույթում հնարավոր չէ վերահսկել առհասարակ այն քոնթենտը, որ ստացվում է»,- ասաց Թաթոյանը:
Նրա խոսքով՝ թիրախավորվում են նաև երեխաները: Թաթոյանը հորդորեց ծնողներին, որ բացառեն երեխաների գտնվելը TikTok սոցիալական ցանցում: