ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի, արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Գոութ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ տեղեկացնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Արդյունքում պարզվել է, որ «Այծի ձոր» և «Չանախ» պանիրների նմուշները ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլոկոկ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
«Այծի ձոր» և «Չանախ» պանիրների ողջ խմբաքաբակը, համապատասխանաբար՝ 45 և 49 կգ, հանվել է շրջանառությունից և ոչնչացվել:
«Գոլդեն Գոութ» ընկերության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: