Զինկոմիսարիատի բակում յուրաքանչյուր անուն-ազգանուն ծափողջույնների է արժանանում: Հերթական խումբն է մեկնում Արցախ: Ավելի շատ կամավորագրվում են, քան զորակոչվում: Կամավոր Արցախ մեկնողները զինկոմիսարիատի մոտ համբերատար իրենց հերթին են սպասում:
Սայաթ Սերոբյան (փոխգնդապետ) - Հիմնականում կամավորական հիմունքներով են դիմում, որ ճիշտ ասեմ՝ քիչ առաջ չէինք էլ հասցնում:
Արթուր Դեմիրճյանը մի քանի ժամ իր հերթին է սպասում, ասում է՝ հարկ լինի՝ օրերով կկանգնի: Պապենական տունը Արաքսի այն ափին է մնացել:
Արթուր Դեմիրճյան (կամավոր) - Հորս հայրենիքը կորցրինք՝ Մուսալեռ, մորս չենք կորցնելու:
Բոլորն անխտիր անցնում են պարտադիր բուժզննություն: Ոչ մեկի համար Արցախի դիրքերը նորություն չեն: Քրիստինե Վարդանյանը որդուն երկրորդ անգամ է ճանապարհում: Ամուսինն էլ էր կամավորագրվել, սակայն տարիքային սահմանափակման պատճառով չեն ուղարկում:
Քրիստինե Վարդանյան - Ես շատ հպարտանում եմ մեր ցանկացած երիտասարդով, որ ինքնակամ եկել են ու պատրաստ են պահպանել մեր սահմանները: Ոնց ճանապարհում ենք, այդպես էլ վերադառնան մեր երեխաները:
Մարդիկ գալիս են արդեն պատրաստ՝ նույնիսկ զինվորական համազգեստով: Հատկապես ծառայած տղաները լավ գիտեն՝ թշնամին քնած չէ:
Վահագն Պետրոսյան (կամավոր) - Էս իմ պահած ֆորմեն ա, որ հինգ տարի առաջ զորացրվել եմ ու պահել եմ էս օրվա համար:
Կարեն Վարդանյան (կամավոր) - Նորից գնալու եմ, ու զիբիլի վրի կատուներին պիտի ցույց տանք իրանց տեղը: Ի տարբերություն սիրիացի վարձկանների՝ մենք չենք վարձատրվում, մեր սրբազան պարտքն ա՝ պետք ա կատարենք: Ըստ այդմ՝ մեր մարտունակությունն ավելի բարձր է: