Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով թշնամու սանձազերծած պատերազմական գործողություններին ու կոչ արել ԵՄ-ին՝ դատապարտելու ագրեսիան։
«Խստորեն դատապարտում եմ շարունակվող բռնությունները և, մասնավորապես, ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրականացվող ռազմական գործողությունները: Անխտիր ռազմական ագրեսիայի անընդունելի օգտագործումը, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների է հանգեցրել նույնիսկ խաղաղ բնակչության շրջանում, արմատապես խաթարում է խաղաղության գործընթացի վերսկսման հնարավորությունը, սա միջազգային իրավունքի և ԵԱՀԿ շրջանակներում մինչ այժմ անցկացված երկխոսության կոպիտ խախտում է:
Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին անհապաղ հետքայլ կատարել. այս ռազմական էսկալացիան կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը: Ես խորապես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է իր ձայնը ուժգին բարձրացնի՝ գնահատելով նաև պատժամիջոցների դիմելու հնարավորությունը՝ ռազմական գործողությունների դադարեցման պահանջի մերժման դեպքում:
Այդ իսկ պատճառով Եվրախորհրդարանի տարբեր պետությունների այլ գործընկերների հետ միասին, ես նամակ եմ ստորագրել՝ ուղղված արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության միության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորրելլին, որով մենք հայցում ենք գործադրել բոլոր ջանքերը կրակի անհապաղ դադարեցման համար և գործարկել կրակի հնարավոր խախտումների մոնիթորինգի համար պարտադիր մեխանիզմներ, որպես արդյունավետ երկխոսության գործընթացի համար անհրաժեշտ վստահությունը վերականգնելու միակ միջոց: Բազմակողմանիության և խաղաղության եվրոպական արժեքները պետք է գերակշռեն»,- հայտարարել է Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն:
«Դատապարտելի են նաև նախագահ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը և սատարումը Բաքվին. լրագրողական աղբյուրները հայտնում են Սիրիայի հյուսիսից Թուրքիայի կողմից մոբիլիզացված հազարավոր ջիհադիստ գրոհայինների մասնակցության մասին: Եթե այս լուրը հաստատվի, ապա այս միջամտությունը որքան մտահոգիչ է, այդքան էլ անընդունելի: Պահանջում ենք տարածաշրջանային բոլոր դերակատարներին չօգտագործել այս հակամարտությունը որպես պատրվակ՝ իրենց ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար: Այս ողբերգությունում մենք չենք կարող լինել լոկ հանդիսատես. փոխարենը պետք է լինենք խաղաղարարներ և միջնորդ այս արյունալի հակամարտության մեջ, որը կրկին պայթել է ԵՄ սահմանների մոտ»,- եզրափակում է Կաստալդոն: