Նախագահ Արմեն Սարգսյանը, իտալական Milano Finanza Digital Week համաժողովում հանդես գալով բացման խոսքով, անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ ռազմական գործողություններին.
«Այսօր ադրբեջանական կողմը հրետակոծել է անգամ մի շարք գյուղեր Հայաստանի Հանրապետության տարածքում,- ասել է նախագահ Սարգսյանը: - Մարդկային բանականությունը մեզ կասի, իսկ արհեստական բանականությունը կհաստատի, որ կա վեճերի միայն մեկ լուծում: Դա երկխոսությունն է: Լեռնային Ղարաբաղի պարագայում կա երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահներով, որոնք են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Երկխոսությունը մի կողմ դնելը և փորձելը՝ ցույց տալ, թե հարցը կարելի է լուծել ուժի միջոցով, որևէ հեռանկար չունի: Հայերը երբեք չեն հանձնվի:
Այս հակամարտությունն այսօր տարբերվում է նրանից, ինչ ունեինք նախկինում, տարբերվում է նախորդ միջադեպերից, քանի որ Թուրքիան շատ ակտիվ դերակատարում է ստանձնել հակամարտությունում: Նա ոչ միայն ռազմական տեխնիկա է մատակարարում, այլև խորհրդատուներ, վարձկաններ, էլեկտրոնային սարքավորումներ, ընդհուպ մինչև դրոններ և հրթիռներ, ու անգամ F-16 կործանիչներ: Սա ապշեցնող է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի սա:
Հայերի համար սա բացարձակ անընդունելի է: Աներկբա է, որ հայերը երբեք չեն հանձնվի, Լեռնային Ղարաբաղը պաշտպանվելու է Արցախի Հանրապետության բնակչության և համայն հայության կողմից»: