Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ` հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:
«Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձարձակելու և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքը, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի շրջանները և դրանց հարակից այլ բնակավայրերը հրետակոծելու եղանակով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով ղարաբաղա-ադրբեջանական զինված ընդհարման շրջանակներում 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների ստորագրած հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, կիրառելով հրթիռահրետանային, ավիացիոն և անօթաչու թռչող սարքեր, հարձակման են անցել շփման գծի ողջ երկայնությամբ՝ սանձարձակելով ագրեսիվ պատերազմ, որի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով` կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված մեթոդների և միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական նորմերի լուրջ խախտմամբ, համակարգված, կանխամտածված և նախապատրաստված գրոհների թիրախ դարձնելով խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ մասնավորապես, ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելով խոր թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, նշված զինատեսակներով հրետակոծել են Ստեփանակերտ քաղաքը և մնացած բոլոր շրջաններն ու դրանց հարակից այլ բնակավայրերը՝ պատճառելով մարդկային և գույքային կորուստներ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննության կատարումը հանձն առած քննչական խմբի կողմից իրականացվում են աննախադեպ ծավալով բազմաբնույթ քննչական և դատավարական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում են ԱՀ ՔԿ-ից։