Ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո ԱՀ նախագահի կարգադրությամբ կազմավորվել է օպերատիվ խումբ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Այդ մասին ասուլիսին հայտնեց ԱՀ պետնախարարը։
Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ այդ կազմում ընդգրկվել են գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենը։ Նա տեղեկացրեց, որ քաղաքացիական ծառայության պաշտպանության համակարգի առումով նույնպես ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո քաղաքացիական պաշտպանության համակարգը բերվել է բարձր, ապա՝ լրիվ աշխատանքային ռեժիմի։
«Բոլոր այն բնակավայրերում, որոնցում խաղաղ բնակչությունը ենթարկվել է հրետակոծության կամ այլ հարձակումների, իրականացվել է բնակչության պատսպարում, ապա նաև տարհանում։ Պետք է նշեմ, որ պատսպարված և տարհանված բնակչությունը գտնվում է օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում»,- ասաց Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ բոլոր խնդիրները լուծվում են ըստ անհրաժեշտության։
Հայտնեց, որ տարհանված մարդիկ պետության հաշվին ապահովվում են անհրաժեշտ պարագաներով և սննդամթերքով։ Տարհանված բնակչությունը տեղավորվել է ԱՀ այլ բնակավայրերում, շրջաններում։
Մարտիրոսյանի հավաստմամբ՝ որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ այս պահին չունեն։
«Բոլոր վնասների գույքագրումից բացի՝ մենք անմիջապես անցել ենք վնասների վերականգնման աշխատանքներին։ Առաջնահերթ դա վերաբերում է ենթակառուցվածքներին։ Հիմնականում վերականգնել ենք էլեկտրաէներգամատակարարումը ամբողջ հանրապետության տարածքում: Գազամատակարարման խնդիրների լուծումը հիմա ընթացքի մեջ է»,- ասաց Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ առավել մեծ վնաս հասցվել է կապի ոլորտին, բայց մասնագետների համատեղ ջանքերով վերականգնվում է։
Մարտիրոսյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում կարող են գործարկել պետական պահուստները, որը ձևավորված է կառավարության կողմից և պարունակում է պարենային ու ոչ պարենային ապրանքների կազմը, որը մշտական հիմունքներով պահպանվում է պետական պահուստի շրջանակներում։