Կարևոր չէ, թե խոցված շարասյունն ինչ տիպի ռազմամթերք էր տեղափոխում, էականն այն է, որ հայկական զինված ուժերն ընդհանրապես հայտնաբերում են և ժամանակին խոցման միջոցներով զենք-զինամթերք տեղափոխող շարասյուները ոչնչացնում են, ինչն այսօր ցուցադրեցինք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` խուճապ չկա, ամեն ինչ հստակ կառավարվում է և վերահսկվում:
«Այսօր այցելեցի Վարդենիս, տեսա, թե ինչպիսի կարևոր և օպերատիվ աշխատանք են կատարում տեղական ինքնակառավարման մարմինները, ԱԻՆ-ի աշխատակիցները, ոստիկանությունը, շտապօգնությունը: Բոլորը շատ համակարգված մեծ աշխատանք են կատարում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: :
Նա ևս մեկ անգամ հորդորեց հնարավորինս սահմանափակել զորքերում ծառայող հարազատներին տարբեր տեսակի զանգեր ուղղելը: Դա վտանգավոր է և թիրախավորում է նրանց:
Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով դիրքերի առանձին կորուստների կամ ձեռքբերումների մասին, նշեց, որ պետք չէ առանձնահատուկ անդրադարձ կատարել դրանց:
«Կարող ենք ունենալ վերցրած կամ հանձնած դիրք, դա բացարձակ էական չէ: Այս պատերազմն առանձին դիրքերի պատերազմ չէ, այլ մեծ նշանակության պատերազմ է»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: