Մեծ Բրիտանիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և բանակցությունները վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
«Կանադան և Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Բնակելի հատվածներում հրետակոծությունների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը մտահոգություններ են առաջացնում: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետևել քաղաքացիական բնակչության պաշտպանության և հրադադարի մասին համաձայնությանը»,- նշվում է տարածված հայտարարությունում:
Նախարարները նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի բռնությունը մերժելու սկզբունքի վրա և ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հաստատված բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորում:
«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը և ամբողջությամբ աջակցում ենք համանախագահների երեկվա հայտարարությանը»,- ասվում է համատեղ հայտարարությունում: