ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ առաջին պահից սկսած, երբ Ադրբեջանը ռազմաօդային և հրետանային հարձակման ենթարկեց Արցախի Հանրապետությունը, ակնհայտ էր, որ թիրախում քաղաքացիական բնակավայրերն են:
«Ուսումնասիրությունները վստահ ապացուցում են, որ չի դրվում որևէ տարբերակում քաղաքացիական բնակչության կամ ռազմական օբյեկտների միջև, և դրանով իրական վտանգի տակ են դրվում բնակչության կյանքը, առողջությունը: Առհասարակ կարևոր է նաև արձանագրել, որ այդ հարվածներն ակնհայտ նպատակային են և թիրախավորված են՝ հենց քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելու համար:
Այսօր առավոտյան խոսել եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, նաև մի շարք բժշկական հաստատությունների անձնակազմերի հետ, տեղեկացել, որ կա 4 զոհ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում»,- ասաց Թաթոյանը:
Նա նշեց, որ մահացածների մեջ կան կին, երեխա և տարեց:
«Այս գործողություններն ուղեկցվում են նաև քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու կամ առհասարակ դրանք պարալիզացնելու ուղղությամբ: Խոսքը վերաբերում է, օրինակ՝ կապի միջոցներին, խաղաղ բնակչության տեղաշարժման համար անհրաժեշտ կենսական նշանակության ճանապարհներին և այլն»,- ասաց Թաթոյանը: