Երևանը կոշտ է արձագանքում Բաքվի մեղադրանքին, թե իբր հայկական կողմն է Արցախում սանձազերծել ագրեսիան: Հայաստանի արտգործնախարարության խոսնակն ընդգծել է՝ իրավիճակի սրման մասին միջազգային հանրության, համանախագահների, նրանց երկրների հայտարարությունները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումն ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարումը:
Աննա Նաղդալյան (ՀՀ ԱԳՆ խոսնակ) - Բախվելով միջազգային հանրության այս դիրքորոշման միասնականությանը՝ ադրբեջանական կողմը դիմել է բացահայտ կեղծիքների տարածմանը՝ մեղադրելով հայկական կողմին մարտական գործողությունների սանձազերծման համար: Մինչդեռ գոյություն ունեն անհերքելի փաստական հիմքեր առ այն, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել ագրեսիան:
Նաղդալյանը հիշեցնում է՝ տարիներ շարունակ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, մերժել հետաքննության մեխանիզմների ներդրման, մոնիթորինգի ամրապնդման Մինսկի խմբի առաջարկները՝ ուժի կիրառման հնարավորությունների պահպանման և «մեղադրանքների խաղ» տանելու համար։ Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը մերժեց շփման գծի մոնիթորինգ անցկացնելու՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի խնդրանքը՝ թաքցնելով պատերազմ սկսելու ծրագրերը:
Աննա Նաղդալյան - Ադրբեջանի ներկա ագրեսիան Արցախի դեմ բնութագրվում է երկու կարևոր առանձնահատկությամբ. Ադրբեջանի նախագահ Ալիևը հրապարակավ hրաժարվել է խաղաղ գործընթացից և խնդիր է դրել Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել լայնածավալ պատերազմով: Երկրորդ, այս նպատակի հետապնդման համար Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։
Այս ագրեսիայի և դրան նախապատրաստվելու ընթացքում Թուրքիայի աջակցությունն, ըստ ԱԳՆ խոսնակի, բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում Անկարայի ուղղակի ներկայությամբ: Ադրբեջանի հետ մարտնչում են թուրք ռազմական մասնագետները՝ օգտագործելով թուրքական արտադրության սպառազինություն: Անկարան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան:
Աննա Նաղդալյան - Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին և մինչև օրս արդարացնում է այդ ոճիրը, ներկայումս հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին՝ այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար:
Հայաստանը և Արցախը վճռական են ամբողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու այդ դաշինքի մտադրությունները:
Հայաստանը վստահ է՝ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է, Բաքուն պարտադրված է լինելու հրաժարվել հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսելու է ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։