Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հարցն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ փաստացի արդեն երկրորդ օրն է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Արցախի ուղղությամբ՝ սպառնալով Արցախի մեր հայրենակիցների գոյությանը և վտանգելով նրանց խաղաղ ապրելու իրավունքը:
«Երբ դեռ 1990-ականների պատերազմի մասին լսում էի «գոյամարտ» եզրույթը, հասկանում էի, որ խոսքը գոյության համար մղվող մարտի մասին է: Այո՛, կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք: Մենք զիջելու տեղ չունենք, մենք ունենք մի անելիք՝ լինել միասնական և հաղթել: Հավերժ փառք ու պատիվ բոլոր այն հայրենակիցներին, որոնք այս կռվում զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, պարտավորեցնելով մեզ ապրել: Ցավակցում եմ և զորակցությունս եմ հայտնում մեր բոլոր հերոս տղաների հարազատներին և նրանց ընտանիքներին»,- ասաց պատգամավորը:
Հայրապետյանը շեշտեց, որ իրավիճակը բարդանում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության պայմաններում: Նրա խոսքով՝ այդուհանդերձ, մենք հաղթելու ենք մեր միասնական ուժով, իսկ մեզ բնաջնջելու փորձերն ամբողջությամբ ձախողվելու են և ծանր հետևանքներ ունենալու այդ փորձերն անողների համար:
«Ի լրումն՝ կցանկանամ շեշտել, որ թեև այս օրերին հարցը լուծվում է ռազմի դաշտում, մեր զինվորների սխրագործության և քաջության շնորհիվ, բայց կարևոր է այս ընթացքում միջազգային հարթակներում տեղ հասցնել, ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին ցույց տալ Ադրբեջանի և նրան ակտիվորեն աջակցող Թուրքիայի ֆաշիստական էությունը:
Այս առումով ցանկանում եմ կոչով դիմել տարբեր մայրաքաղաքներում գտնվող մեր դեսպաններին և դիվանագիտներին: Դուք այսօր կարևոր առաքելություն եք իրականացնում և ամրացնում եք հայ զինվորի թիկունքը, ցույց տալիս պայքարի արդարացիությունը, ընդգծում, որ սա Ադրբեջանի կողմից տարվող բնաջնջման քաղաքականություն է:
Սա ցեղասպանի ձեռագիր է և պետք է ստանա արժանի գնահատական միջազգային հանրության կողմից: Ձեր ակտիվ գործունեությունն այս օրերին ոչ պակաս կարևոր է: Դուք մեր արտաքին ճակատի դիրքապահներն եք, և մենք էլ ձեզ հետ, խորհրդարանական դիվանագիտության մեջ ներգրավված պատգամավորներով, պետք է հստակ ուղերձ հասցնենք, ճշմարտությունը ներկայացնենք այս ագրեսիայի մասին, որը սանձազերծել է քնած հային հերոսացնող երկրի բռնապետ նախագահը ժողովրդավար Արցախի, խաղաղ բնակչության և քաղաքացիների նկատմամբ»,- ասաց պատգամավորը: