Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի կարծիքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում արված ամենակարևոր հայտարարությունն ԱՄՆ պետքարտուղարությանն է: Նրա մեկնաբանմամբ՝ դրանով կոչ է արվում ոչ միայն դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել բանակցությունների, այլև նշվում է՝ անթույլատրելի է երրորդ երկրների ներգրավվածությունը հակամարտությունում։
«Մենք գնահատում ենք, որ այս կոչն ուղղված է Թուրքիային և պետք է զսպիչ դեր խաղա իրադարձությունների մեջ»,- նշեց Մայիլյանը։
Անդրադառնալով ՌԴ արձագանքին՝ Մայիլյանը կարծիք հայտնեց, որ տավուշյան սրացման ժամանակ էլ Ռուսաստանը երրորդ կողմին կոչ արեց չմիջամտել։
«Այս դեպքում նման հայտարարություն չկա, բայց Թուրքիայի միջամտությունն ու մասնակցությունն ավելի ակնհայտ են։ Եվ քաղաքական աջակցություն կա, և զորավարժությունների են մասնակցել, ստորաբաժանումների մի մասը մնացել է, զինտեխնիկան է օգտագործվում։ Հույս ունենք, որ նմանատիպ հայտարարություն էլ Ռուսաստանը կընդունի, և այս միտումը կշարունակվի»,- նշեց Մայիլյանը։