Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը մշտապես եղել է մեր օրակարգում՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ինչո՞ւ չենք արել: Դա եղել է հենց Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության հորդորով, որ այս փուլում կարող է ուղղակիորեն փակել բանակցային գործընթացը: Հիմա հարց եմ տալիս. Ադրբեջանը հարձակում է սկսել՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի խոշոր բանակներից մեկը ունեցող Թուրքիայի ռազմական տեխնիկան: Լայնամասշտաբ հարձակում է սկսել շփման գծի ամբողջ երկայնքով, իրավիճակը ծայրահեղ ծանր է: Էս իրավիճակում որևէ ադեկվատ մարդ, երկիր, միջազգային կառույց բարոյական իրավունք ունի՞ խոսելու բանկցային գործընթացից:
Երեկվանից հետևում եմ միջազգային հանրության հեզաճկուն, լղոզած գնահատականներին և երկու կողմերի միջև անընդհատ հավասարության նշան դնելուն: Իրենք չգիտե՞ն, որ տևական ժամանակ Նախիջևանում կուտակելով զորք, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին նախապատրաստվում էր հարձակման»,- ասաց նա՝ հավելելով, որ համաձայն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գնահատականների հետ, որ միջազգային հանրության արձագանքը չի բավարարում
Պատգամավորը հայտնեց, որ նախապատրաստվում են նախաձեռնել փակ հանդիպում՝ ԱԺ նիստի կամ լսումների տեսքով, լսելու մտահոգություններն ու ռիսկերը, որ կարող է հետևել Արցախի ճանաչմանը:
Զոհրաբյանը նաև նշեց, որ Հայաստանի և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերը պետք է այս փուլում գործեն համակցված: «Մեզ համար այս փուլում ամենակարևոր քայլը պետք է լինի չվնասելը»,- ասաց նա: