Համացանցում ադրբեջանցի կեղծ օգտատերերը փորձում են պատերազմը մարտից տեղափոխել նաև սոցցանցեր։ Հակառակորդը փորձում է մանիպուլյացիաներ կիրառել նաև կիբեռոլորտում։ Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա տեղեկացրեց, որ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, հակառակորդը փորձել էր հարձակում գործել մի քանի լրատվական կայքերի վրա, սակայն՝ անհաջող, քանի որ դրանք շատ կարճ ժամանակում վերականգնվեցին։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանն էլ տեղեկացրեց, որ կայքերում մեծ ծավալով իրական այցելություններ են լինում Ադրբեջանից և Թուրքիայից: Այնպիսի ծավալով են այցելություններն այդ երկրներից և հաճախ արտերկրից, որ կայքերը դժվարությամբ են դիմանում ծանրաբեռնվածությանը, թեև DDOS հարձակումներ ևս լինում են:
«Երեկվա դրությամբ Ադրբեջանում բավական շատ ներքին աղբյուրներ, սոցցանցեր արգելափակված են, և իրենց քաղաքացիներն այսօր նույնիսկ փորձում են ինֆորմացիա հայկական աղբյուրներից գտնել»,- ասաց Պապյանը:
Սամվել Մարտիրոսյանը նույնպես այս փաստը Հայաստանի համար շահեկան համարեց: Անդրադառնալով օգտատերերի հարձակումներին՝ Մարտիրոսյանը նշեց, որ կոտրած հայկական պրոֆիլներից գրում են ապատեղեկատվություն՝ հիմնականում մեկնաբանություններում կամ խմբերում ու զոհերի սխալ տվյալներ են ներկայացնում:
«Մյուսն այն դեպքերն է, երբ ադրբեջանցիները փորձում են հոգեբանական ճնշում գործադրել, հայհոյում են, զոհված զինվորների նկարներ են տեղադրում»,- ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ պետք է պարզապես արգելափակել այդ օգտատերերին և չպատասխանել։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը հայտնեց, որ սեպտեմբերի 27-ի ընթացքում մի քանի սադրանքների փորձեր նկատվել են հեռախոսազանգերով, սոցցանցերում կեղծ ինֆորմացիա տարածելու առումով: Փորձագետի խոսքով՝ նկատելի է, որ հայ հասարակությունը, կարծես, վարժվել է և որոշակիորեն ինքն իր համար ապատեղեկատվությունը ճանաչելու մեխանիզմներ ունի: Մեդիափորձագետը համացանցում հակառակորդի կողմից մանիպուլյացիաների զոհ չդառնալու համար երկու հիմնական խորհուրդ տվեց. «Մի՛ շտապեք, որպեսզի չվնասեք, և փորձեք ճշտել այն աղբյուրներից, որոնց վստահում եք:
Մասնագետների հորդորն էր՝ հատկապես այս օրերին անտեսել անծանոթներից եկած ցանկացած հաղորդագրություն, որով դրդում են ինչ-որ բան անել: