ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվել է վարչապետի՝ Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցի՝ Արցախի հարցին վերաբերող մի հատվածը:
Ստորև ներկայացնենք հատված հարցազրույցից:
Պետրոս Ղազարյան – Պարոն Փաշինյան, վերջին օրերին համացանցը կրկին ցնցված է, ցավոք, Haqqin.az-ի հրապարակումով և Ձեզ, այսպես ասած, մեղադրում են այն հոդվածով, որ Դուք գաղտնի բանակցել եք Ալիևի հետ՝ էմիսարներ եք ուղարկել, իսկ Դուք միշտ ասել եք, որ թափանցիկ եք աշխատում Արցախյան հարցում և բոլոր հարցերում: Եվ երկրորդ՝ Դուք այնտեղ բանակցում եք փուլային տարբերակ, պայմանավորվել եք շրջաններ հանձնել: Ձեր մեկնաբանությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես վերջերս անդրադարձա տեղեկատվական անվտանգության խնդիրներին և ասացի, որ եթե որևէ տեղ, նույնիսկ մի երրորդական կայքում հոդված հրապարակվի, որ Արցախը «վաճառել» են, դա Հայաստանում փոթորիկներ կառաջացնի: Այդ հրապարակման իմաստն այն էր, որ, իբր, իմ խորհրդականներից մեկի միջոցով գաղտնի բանակցություններ են վարվել: Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է 2 անձ. մեկը՝ արտաքին գործերի նախարարը, մյուսը՝ ես: Որևէ երրորդ անձ որևէ բանակցություն վարելու, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել, և դա կատարյալ անհեթեթություն է: Ընդգծեմ, որ ևս մեկ պաշտոնյա՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որոշակի դերակատարում է ունեցել Ձեզ հայտնի օպերատիվ կապի ապահովման գործում՝ իմ և Ադրբեջանի նախագահի միջև։ Բայց դա եղել է որոշակի, այսպես ասած, սպասարկող գործառույթ, այսինքն՝ նա լիազորություն չի ունեցել՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցելու, և դա, իհարկե, կատարյալ անհեթեթություն է:
Պետրոս Ղազարյան – Պարոն վարչապետ, բայց Դուք կարծես թե, անուղղակի պատասխանելով այդ ամեն ինչին, ասում եք, որ Ալիևը թող չբացի այդպես փակ պայմանավորվածություններ, որովհետև եթե մենք բացենք…
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Ես ասել եմ, այսպես կոչված, կոնֆիդենցիալ տեղեկատվություն և իմ կողմից խոսել եմ առանց չակերտների կոնֆիդենցիալ տեղեկատվության մասին: Այսինքն՝ դա ակնհայտ բան է, և ես այդ հրապարակումն առաջնայինը չէ, որ նկատի եմ ունեցել չակերտավոր որպես «կոնֆիդենցիալ» տեղեկատվություն: Կա մի հանգամանք, որի մասին ես 2 տարի չէի խոսում՝ կոռեկտությունից ելնելով, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը՝ հիմա, կարծում եմ, ճիշտ ժամանակն է այդ մասին խոսել: Ասում են, որ ես Դուշանբեում և ընդհանրապես 2018 թվականի հեղափոխությունից հետո ժամանակ եմ խնդրել…
Պետրոս Ղազարյան – Հայաստանում Ձեր գործերը կարգավորելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ժամանակ եմ խնդրել: Դուշանբեում, երբ այդ պայմանավորվածությունը տեղի ունեցավ, պարզ է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, իսկ Ադրբեջանը կամ Ադրբեջանի նախագահն ինչո՞ւ էր շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա: Եվ մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ վերլուծելով հասկանում են, որ միակ տարբերակն այն է, որ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձայնակցում է դրա հետ: Եվ հիմա այստեղ, կարծում եմ, կարելի է շատ կարևոր մի նյուանս բացել, թե ով է ում իրականում խնդրանքով դիմել Դուշանբեում:
Պետրոս Ղազարյան – Ե՞վ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով, և այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը. եթե հիշում եք, այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, և գործնականում մենք ամեն օր հանրահավաքներ էինք ունենում։ Այնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով, դրանից առաջ էլ, ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին, փորձում էի, այսպես ասած, խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ և որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Իլհամ Ալիևի շահագրգռությունը, որ այնտեղ ինչ-որ համաձայնություն կայանա, մեկ բանի վերաբերյալ էր, որ ինքն ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ և Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով:
Պետրոս Ղազարյան – Ալիքը չտեղափոխվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, ամբողջ աշխարհը, առավել ևս՝ տարածաշրջանը, ոգևորված էր, տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգևորված էին այդ իրադարձությամբ, ադրբեջանական սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվում էր, որ այս ալիքը շուտով կհասնի Ադրբեջան, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթներն իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում:
Պետրոս Ղազարյան – Ալիևը Ձեզ անձա՞մբ է խնդրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Եվ Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ գրել ձեռագրով մի թղթի վրա, բլոկնոտում, և մենք այդ կետերը քննարկել ենք ու արձանագրել, որ մենք եկանք համաձայնության: Ես գո՞հ եմ, որ այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, թե՞ ոչ: Այո, որովհետև նախ Ադրբեջանի ներքին հարցերն ամենևին էլ իմ օրակարգի հարցերը չեն, և երկրորդը՝ դրա արդյունքում զինվորների, հայ զինվորների կյանքեր են խնայվել, և ես դրա համար գոհ եմ: Բայց այստեղ ամբողջ կոնտեքստն ինչի՞ մեջ է, որ այսօր Ադրբեջանի նախագահն ասում է, որ ինքն այն ժամանակ չօգտվեց առիթից, հնարավորություն տվեց Հայաստանին, հետհեղափոխական այդ խառն իրավիճակից չօգտվեց և մեծահոգաբար հնարավորություն տվեց, որպեսզի հետհեղափոխական իշխանությունը կայանա:
Իրականում հակառակն է, և այդ ժամանակաշրջանում Ալիևը ո՛չ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ոչ էլ ուրիշ բաներով: Նա մտահոգված էր մեկ հարցով, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի: Ե՛վ այս փաստը, և՛ հետագա փաստերը, ի վերջո, գալիս են ի ցույց դնելու, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը և բռնատիրական համակարգը պահպանելու միջոց, և մենք այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում:
Հիշեցնենք՝ վարչապետը Ֆեյսբուքի էջում հրապարակել էր սեպտեմբերի 26-ին՝ նախքան հակառակորդի սանձազերծած ագրեսիան, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից մի հատված: