Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են օգնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը վերացնելու հարցում ու դատապարտել են մարդկային կորուստները: Այս հայտարարությունը Հունաստանի արտգործնախարարությունն արել է երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, երկրի արտգործնախարար Նիկոս Դենդիասի` Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցից հետո, հայտնում է Region Monitor-ը:
«Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել են Հունաստանի և Հայաստանի միջև բարեկամության ամուր կապերը: Դենդիասը դատապարտել է մարդկային կորուստները և հայտնել Հունաստանի պատրաստակամությունը՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում լարվածության անհապաղ լիցքաթափմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ երկիրը հետևում է Լեռնային Ղարաբաղի տարածքում լարվածության սրմանը և կոչ է անում «բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղանի շուրջ»:
Նախարարությունը նշել է, որ համաձայն միջազգային իրավունքի, վեճերի խաղաղ կարգավորումը «տարածաշրջանային անվտանգության և կայունության միակ ճանապարհն է»: