Հայ բարեգործական ընդհանուր միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ հարձակում Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Ստեփանակերտի և այլ քաղաքների խաղաղ բնակչությունը և քաղաքացիական օբյեկտները նույնպես թիրախավորվել են։
Մեր քաջ զինված ուժերը հաստատակամորեն պատասխան հարված են հասցնում և բավականաչափ վնասներ պատճառում տխրահամբավ հակառակորդին՝ հետ պահելու համար նրան կործանիչ պատերազմի ճանապարհից։
Այս դժվարին և փորձություններով լի պահին յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ ապրելիս լինենք, պետք է կանգնենք մեր Հայրենիքի կողքին և առաջարկենք հնարավոր ցանկացած օժանդակություն։ Բոլոր կազմակերպությունները պետք է իրենց արդար բաժինը ներդնեն՝ պաշտպանելու համար մեր հողը, տունը և ազգային արժանապատվությունը։
Մենք վստահ ենք մեր ռազմական ուժի, առաջնորդների իմաստության և մեր ազգի հաղթական ոգու վրա։
ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի և Արցախի կառավարություններին և կոչ անում միավորել ջանքերը՝ դիմելու միջազգային հանրությանը՝ միանշանակ դատապարտելու համար Ադրբեջանի ղեկավարությանը։
Միությունը զորություն է»