Հայկական տեղեկատվական կենտրում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց իրավիճակը սահմանին ժամը 17.00-ի դրությամբ:
«Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ըստ էության, շարունակվում են թեժ մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ: Նորից կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային ու հարավային ուղղությունները»,- նշեց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ մեր զինվորները հակառակորդի նախաձեռնաձ գրոհները հաջողությամբ հետ են մղում՝ պատճառելով հսկայական կորուստներ:
«ՊԲ-ն հրապարակեց տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հարձակողական գործողություններն իրականացվել են տանկային ստորաբաժանումներով: Եվ այդ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են մոտ 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:
Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը շարունակել է թիրախավորել հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը՝ մասնավորապես Մարտակերտը, որի բնակավայրերից մեկում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցները:
Վիրավորների մասով Հովհաննիսյանը հայտնեց, որ մեծ մասն ունի թեթև վիրավորում, և առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրանք վերադարձել են շարք: Այսինքն՝ վիրավորների թիվը ոչ թե ավելացել, այլ պակասել է:
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ հայ-ադրբեջանական շփման գծում երեկվա հրետակոծությունից հետո մարտեր չեն շարունակվել: