Գեղարքունիքի մարզից զինապարտների հերթական խումբը մեկնեց Արցախ: Այս մասին հայտնում են մարզպետարանից:
Երկրում ռազմական դրություն հայտարարելու պահից սկսած՝ արդեն երկրորդ օրն է՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումները, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի համայնքների համատեղ ուժերով, իրականացնում են զորահավաք:
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման տարբեր բաժանմունքներից բազմաթիվ զինապարտ քաղաքացիներ մեկնում են Արցախ՝ աջակցելու թշնամու դեմ կռիվ տվող հերոս տղաներին:
Սեպտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի ծառայողները՝ Սարուխան համայնքի հոգևոր հովիվ Ներես քահանա Սահակյանի օրհնությամբ զինապարտների հերթական խմբին ճանապարհեցին Արցախ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը բարի ծառայություն մաղթեց տղաներին` վստահություն հայտնելով, որ նրանք արժանի հակահարված կտան թշնամուն՝ պաշտպանելով արցախահայության անքակտելի իրավունքը՝ ապրելու և արարելու սեփական հողի վրա:
«Ձեզ և այս պահին հայրենիքի սահմանները պաշտպանող տղաներին անփորձանք ծառայություն ենք մաղթում: Մենք հավատացած ենք, որ ձեզանից կախված ամեն ինչ անելու եք՝ մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար: Մեզ մնում է աղոթել ձեր հաջողության համար, ասել՝ ամուր եղեք»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը:
Զինապարտ տղաների տրամադրությունը մարտական էր։ Նրանց խոսքով՝ հայրենի սահմանների պաշտպանությունը իրենց սրբազան պարտքն է: Սահման մեկնողների և հայրենիքի խաղաղության համար Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմեր վառվեցին: