Մելքումյանների տունը տուժել է այն մակարդակի, որ ապրելն այստեղ գրեթե անհնար է։ Սակայն բնակիչների աչքին նյութական կորուստները չեն էլ երևում։ Հրետակոծության հետևանքով զոհվել է տան անդամը` Ալեքսանդր Մելքումյանի զոքանչը։ Չի հաջողվել փրկել նաև հարևանի աղջկան։
Ծանր հրթիռակոծությունից հետո, թվում էր, իրավիճակը քաղաքում կկարգավորվի։ Մարտունու վրա այժմ չեն կրակում, սակայն դրությունը կարելի է բնութագրել կայուն-լարված։
Մարտունին հայտնվեց հակառակորդի թիրախում ռազմական գործողություններից անմիջապես հետո` մայրաքաղաք Ստեփանակերտի հետ մեկտեղ։ Ընդհանուր վնասվել է մոտ տասը շինություն` հիմնականում բնակելի շենքեր և սեփական տներ։ Հրետանու հարվածի հետքերը դեռ թարմ են:
Հրթիռից վնասվել է ոչ միայն Գագիկ Սարգսյանի տունը, այլ նաև իրենց անասունը։ Ասում է՝ հետևանքները դեռ չեն վերացրել։ Քաղաքում այժմ մտածում են անվտանգության մասին։ Սակայն դրա հետ մեկտեղ մտադիր չեն այն լքել։
Անցել է ընդամենը մեկ օր, սակայն իրավիճակին, որքան դա հնարավոր է, հարմարվել է նույնիսկ խաղաղ բնակչությունը։ Թե՛ Ստեփանակերտում, թե՛ այլ քաղաքներում խուճապ չկա։ Զորքն իր գործն է անում, մենք էլ ամուր թիկունք պետք է լինենք՝ ասում են արցախցիները։