Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) արտաքին հարցերով խոսնակ Միշայել Գալերը և մեծությամբ երկրորդ խմբակցության՝ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի (S&D) արտաքին հարցերով համակարգող Տոնինո Պիցուլան անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։
«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Պայմանավորվածության համաձայն՝ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Պետք է կանխել լայնամասշտաբ պատերազմը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Բոլոր կողմերից կտուժեն մարդիկ»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Թվիթերի իր միկրոբլոգում նշել է Միշայել Գալերը:
Տոնինո Պիցուլան Թվիթերի իր միկրոբլոգում դատապարտել է Ադրբեջանի գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը՝ աշխատել երկու կողմի հետ էլ:
«Դատապարտում եմ Ադրբեջանի գործողությունները: Անհրաժեշտ է վերադառնալ բանակցային գործընթացին` հիմնված ԵԱՀԿ համաձայնեցված 3 սկզբունքների վրա, այն է` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և հատկապես ուժի չկիրառում: Կոչ եմ անում միջազգային դերակատարներին` Մինսկի խմբի համանախագահներին, աշխատել երկու կողմերի հետ էլ»,- նշել է Տոնինո Պիցուլան: