Արցախի խնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ այդ երկրի քաղաքական էլիտան խախտեց հրադադարը և պատերազմ հրահրեց: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Ալիևը չի մտածում մեր երիտասարդների մասին, բայց նա չի մտածում նաև ադրբեջանցի երիտասարդների մասին, որոնք մահանում են: Պատերազմները ավարտվում են, դրանք հավերժ չեն, խաղաղությունը գալու է, թող շուտ գա և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Աստված տա, շուտ որոշում գտնեն և այս հարցը լուծեն: Ե՛վ մեզ, և՛ իրենց խաղաղություն եմ մաղթում»,- ասաց Սրբազանը:
Նա նշեց, որ քանի որ պատերազմի մեջ ենք, պիտի միակամ լինենք, սատարենք հայոց բանակին, որն այսօր ապահովում է Արցախի անվտանգությունը: «Հաղթահարենք փորձությունը և դուրս գանք այս իրավիճակից ավելի իմաստուն: Այս մարտահրավերն էլ կանցնի, ուստի մեր բոլոր եկեղեցիներում ժամերգություններ են կատարվում, աղոթքներ հնչում, խնդրում Աստծուց խաղաղություն»,- ընդգծեց Պարգև արքեպիսկոպոսը:
Նա տեղեկացրեց, որ խոսել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ով պատրաստ է գալ Արցախ՝ օրհնելու և սատարելու Արցախի ժողովրդին:
«Լուրերի» հարցին՝ ինչ կարծիք ունի այսօրվա կռվող սերնդի մասին, Սրբազանը այսպես պատասխանեց:
«90-ականների պատերազմի ժամանակ հիացած էի ֆիդայիներով, հետո՝ կազմավորված բանակով:
Ապրիլյան պատերազմին ավելի ոգևորվեցի, 18-20 տարեկան տղաները գերազանցեցին մեր սերունդը:
Այսօրվա մեր երիտասարդները շատ խիզախ են, հպարտ եմ և ուրախ եմ, որ նման երիտասարդ սերունդ ունենք, շնորհակալ եմ իրենց ծնողներին»: