«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում դիմեց Սփյուռքի մեր հայրենակիցներին:
«Արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք միայնակ դիմակայում ենք երկու երկրների բանակներին: Այս պատերազմում հաղթանակ տանելու մեր գրավականը լինելու է 10 միլիոն հայ մարդու համահայկական, համատարած մասնակցայնությունը:
Անկախ հանգամանքից՝ աշխարհի որ ծայրում եք ապրում, եթե դուք ձեզ համարում եք հայ մարդ, ապա պետք է ձեզնից յուրաքանչյուրը լինի առաջնորդ այս պատերազմում: Եթե մտադիր եք գալ Հայաստան, կանգնել զինվորի կողքին, լինել թիկունքում, ապա գտեք ճանապարհ և եկեք, մենք ձեր կարիքը ունենք: Եթե ուզում եք մնալ ձեր բնակության վայրերում, բայց մասնակիցը լինել այս պատերազմի, ապա տեղերում կարող եք լինել առաջնորդը այս պատերազմի:
Եթե մտադիր եք նյութական օժանդակություն տրամադրել, ապա կարող եք օգտագործել Համահայկական հիմնադրամի հաշվեհամարը:
Եթե ուզում եք աշխարհին ներկայացնել ճշմարտությունը, ապա լծվեք այդ գործին: 10 միլիոն հայ մարդու ամենօրյա օրակարգում պետք է լինի այս պատերազմը:
Պետք է հստակ գիտակցենք՝ սա բոլորովին այլ պատերազմ է՝ բոլորովին այլ տեսակի թշնամու դեմ, հետևաբար՝ հաղթելու միակ ճանապարհն ու գրավականը, ինչպես ասում են՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ուրեմն՝ կոչ եմ անում համախմբվել, դառնալ միասնական մեկ սրբազան նպատակի շուրջ»,- նշեց Հայրապետյանը: