118 կողմ ձայնով այսօր Ազգային ժողովը հավանության արժանացրեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարություն նախագիծը:
Հիշեցնենք, որ հայտարարությունը շրջանառության մեջ են դրել խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հայաստանի Հանարապետության ազգային ժողովը խստորեն դտապարտում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան Տավուշում՝ 2020-ի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը ևս մեկ անգամ իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի և ՀՀ-ի, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար:
Ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը: Քաղաքացիական բնակչության, ծերերի, երեխաների դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլև բոլոր քաղաքակրթություններում, կրոններում և դավանանքներում:
Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ռազմական ագրեսիան, այլև նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին: Մենք պահանջում ենք իրերն իրենց անունով կոչել: Հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության և մարդատյացության միջև:
ՀՀ ազգային ժողովը հաստատում է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խախաղ ճանապարհով կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Միաժամանակ, լինելով ԱՀ անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունն ու ինքնորոշման կամարտահայտությունը»,- հայտարարությունն ընթերցեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Մինչև նիստի մեկնարկը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին այս օրերին արցախյան մարտերի ժամանակ զոհվածների հիշատակը: