«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցոմ նշեց, որ Հայաստանն ունի տարբեր «զենքեր», և չպետք է դրանք միանգամից կրակել:
Անդրադառնալով երեկ ԱԺ հատուկ նիստում ընդդիմության ներկայացուցիչների կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ դիտարկումներին՝ Մարուքյանն ասաց, որ ընդդիմությունը կարող է ավելի սուր պահանջներ դնել, իսկ իշխանությունը պետք է քննարկի դրանք:
«Միաժամանակ մենք հիմա գտնվում ենք պատերազմի մեջ, և միջազգային տարբեր դիվանագիտական խողովակներով, բնականաբար, այդ ուղերձները տեղ են հասնում, որ այս երկրում արդեն սկսվել են նմանատիպ քննարկումներ, դրանից բխող հետևություններ են արվում: Մենք միշտ խուսափել ենք պատերազմից, բայց հիմա պատերազմի մեջ ենք»,- ասաց պատգամավորը:
Նա շեշտեց, որ վերջնանպատակը հայրենիքի վերամիավորումն է՝ դե յուրե: «Սա ուրիշ աշխարհ է. այս աշխարհը մարդու իրավունքերի աշխարհը չէ, այդ քաղաքակրթությունների բախման աշխարհը չէ: Սա ուժեղների աշխարհ է, աշխարհը հետևում է՝ որ ազգը կարողանում է իր ինքնասիրությունը պաշտպանել, նրան էլ հարգում են: Պետք է մեր իրավունքները պաշտպանենք, ինչը և հենց հիմա անում ենք»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ միջազգային էքսպերտային մակարդակում արձանագրված է, որ Ադրբեջանն է եղել նախահարձակ կողմը: