ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդես է եկել կոչով, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի ուղղությամբ: Թշնամու նպատակը կար և մնում է՝ մեզ զրկել մեզ բնօրրանից, մեզանից խլել պատմական հայրենիքի վերջին մասը, մեզ ոչնչացնել կամ դարձնել անհայրենիք ժողովուրդ:
Թշնամին իր հայտնի հովանավոր և ցեղասպան մեծ եղբոր հետ կրկին թերագնահատել են մեր ուժը, մեր տոկունությունը և մեր սերն առ հայրենիք: Նրանք բախվելու են ողջ հայության, ողջ հայկական աշխարհի համառ դիմադրությանը և արդար ցասմանը:
Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք, ամեն մեկս մեծ դեր ունենք, և եկել է այն պահը, երբ յուրաքանչյուրս իր ձևով, իր հնարավորությունների չափով պետք է պաշտպանի մեր ազգն ու հողը: Մեր զինված ուժերը հզոր են և ծանր մարտերում պաշտպանում են մեր հայրենի սահմանները, մեր ժողովրդին:
Մենք էլ, համախմբվելով հայրենիքի պաշտպանության գործի շուրջ, պետք է մոտեցնենք հաղթանակի անխուսափելի պահը:
Սիրելինե՛ր, կանգնենք մեր հայրենիքի, մեր բանակի, հայ զինվորի կողքին և հաղթենք միասին: Մեր դատն արդար է, միասին մենք հզոր ենք, Աստված մե՛ր կողմից է, և ոչինչ, ոչ ոք՝ ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ սիրիացի վարձկանները չեն կարողանա Ադրբեջանին և Ալիևին փրկել մեր կոշտ և անկասելի պատժից:
Փառք մեր բանակին, փառք մեր պետությանը, փառք Հայաստանին և փառք հայ ժողովրդին»: