Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին:
ԱԳ նախարարը Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների ղեկավարներին հանգամանալից ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում է տարածաշրջանի ապակայունացման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայի անվերապահ աջակցության վերաբերյալ՝ ընդգծելով, որ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը: