Արմեն Սարգսյանը կիբեռանվտանգության միջազգային CYBERSEC2020 համաժողովում անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին:
«Թերևս լսել եք, որ Ադրբեջանը կիրակի օրը գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի սահմաններին: Պետք է հայտարարեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին իր էլեկտրոնային դրոնների՝ կիբեռհարձակումների, ինչպես նաև անձնակազմի՝ խորհրդատուների, վարձկանների և անգամ F-16 կործանիչների միջոցով:
Սա ողջ աշխարհում բնակվող ցանկացած հայի համար ինչ-որ առումով ուրվականի վերադարձ է: Եվ եթե այդ ուրվականը ի սկզբանե վիրտուալ էր, ապա այն այժմ դարձել է նյութական: Ինչո՞ւ եմ ասում ուրվական. դա Օսմանյան կայսրության ուրվականն է, որը 105 տարի առաջ ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Ոչ մի դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ցեղասպանությունը կրկնվի»,- նշել է նախագահը: