Վաղ առավոտյան «Լուրերի» թղթակից Հայկարամ Նահապետյանը հարցում էր ուղարկել պետքարտուղարություն՝ Ադրբեջանի ագրեսիայի և պատերազմում Թուրքիայի դերի մասին։
Քիչ առաջ պետքարտուղարությունը՝ խոսնակ Մորգան Օրթագուսի անունից, տարածել է հայտարարություն՝ նշելով, որ տագնապած են շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ։
«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում է բռնության սրացումը»,- նշված է հայտարարության տեքստում։
Օրթագուսը շեշտել է, որ փոխպետքարտուղար Սթիվեն Բյեգունը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և պահանջել անմիջապես դադարեցնել բռնությունները, վերականգնել կողմերի միջև շփման ուղիղ միջոցները, խուսափել անպատեհ հռետորաբանությունից ու այլ գործողություններից, որոնք կարող են էլ ավելի լարել տեղում վիճակը։
«Միացյալ Նահանգները հավատում է, որ բռնության սրացմանը արտաքին ուժերի միջամտությունը կլինի խիստ աննպաստ և միայն կբարձրացնի տարածաշրջանային լարվածության աստիճանը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը, պետք է հասկանալ` նկատի ունենալով Թուրքիային։
«Կողմերին կոչ ենք անում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հիմնարար բանակցություններին հնարավորինս արագ վերադառնալու համար»,- ելույթի ավարտին նշել է Օրթագուսը` հավաստելով, որ իբրև Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները հանձնառու է օժանդակելու կողմերին հակամարտության մնայուն կարգավորմանը հասնելու գործում։