Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է սեպտեմբերի 26-ին՝ նախքան հակառակորդի սանձազերծած ագրեսիան, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից մի հատված:
Կառավարության ղեկավարը նշել է, որ հեղափոխությունից հետո Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն ունեցել են երկու անձ՝ ինքը և ԱԳ նախարարը, որևէ այլ անձ այդ թեմայով քննարկում, բանակցություն վարելու լիազորություն չի ունեցել, այդ լուրերն, ըստ վարչապետի, անհեթեթություն են: Ն.Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ տնօրենը որոշակի դերակատարում է ունեցել իր և Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապի ապահովման գործում, բայց բանակցելու իրավունք չի ունեցել:
Վարչապետն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ իբր ինքը Դուշանբեում ժամանակ է խնդրել նրանից կառուցողական բանակցություններ վարելու համար:
«Սակայն ո՞վ է իրականում ում դիմել Դուշանբեում: Իրականում ոչ թե ես եմ խնդրանքով դիմել Ադրբեջանի նախագահին, այլ նա է ինձ դիմել խնդրանքով»,- ասաց նա: Փաշինյանը պարզաբանեց, որ Ադրբեջանի նախագահն իրեն խնդրել է ձեռնպահ մնալ Ադրբեջանի վերաբերյալ ելույթներից, քանի որ մտահոգված է եղել, որ հեղափոխության ալիքը կարող է հասնել նաև Ադրբեջան:
«Հայաստանում հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, աշխարհը ոգևորված էր դրանով, մամուլում քննարկվում էր, որ այդ ալիքը կհասնի Ադրբեջան, և նա մտահոգված էր, որ այդ ելույթները կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում: Նա ինձ անձամբ է խնդրել, Դուշանբեի պայմանավորվածությունները կետ առ կետ ես գրել եմ բլոկնոտի մեջ: Ես գոհ եմ, որ դրա արդյունքում զինվորների կյանքեր են խնայվել: Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանի նախագահն ասում է, որ այն ժամանակ ինքը չօգտվեց առիթից, հնարավորություն տվեց, որպեսզի հետհեղափոխական իշխանությունը կայանա: Ի վերջո, հասկանալի է, որ Արցախի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի, այլ սեփական իշխանությունը պահպանելու միջոց է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: