ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն ու անհանգստություն է հայտնել այս տարվա սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմից էլ կան զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Խախտվել է հրադադարի ռեժիմը, օգտագործվում են ծանր զինտեխնիկա, ներառյալ հրետանին, տանկերն ու ինքնաթիռները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերը:
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թ. հրադադարի համաձայնագրի իրագործմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին: Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդներով:
Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդը իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին հակամարտության կարգավորումն իրականացնել բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումից խուսափելու համար: