ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ ընդգծեց՝ մենք այս պահին ունենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը:
«Եվ մենք վստահորեն գիտենք, թե որ կողմին է ուղղված այդ կոչը, քանի որ մեր փաստերով, մեր տեղեկություններով, որոնք փաստարկված են և որոնք նույնպես փոխանցվել են մեր գործընկերներին, գիտենք՝ որ կողմն է սկսել ագրեսիան Արցախի դեմ»,- ասաց Նաղդալյանը՝ նշելով, որ հայկական կողմի գործողությունները կրում են շարունակական բնույթ:
«Նախարարը իր կողմից իր բոլոր գործընկերներին տեղեկացրել է և ամենակարևորը, մշտական կապ է պահպանվում միջնորդության միջազգային մանդատ ունեցող կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, կարելի է ասել՝ ամենաբարձր մակարդակով»,- ասաց Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Աննա Նաղդալյանն ասել էր՝ այս անգամ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ: