Թուրքիան սիրիացի ապստամբներ է ուղարկում հարևան Հայաստանի հետ սրվող հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու համար՝ ասել են երկու սիրիացի ապստամբներ, քանի որ Անկարան խոստանում է սատարել իր մուսուլման դաշնակցին՝ հաղորդում է Reuters-ը:
Երկուշաբթի Մոսկվայում Հայաստանի դեսպանն ասել է, որ Թուրքիան հյուսիսային Սիրիայից մոտ 4000 մարտիկ է ուղարկել Ադրբեջան, և նրանք այնտեղ են կռվում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնականը հերքել է այդ պնդումը:
Հայաստանը նաև հայտարարել է, որ թուրք զինվորականները Լեռնային Ղարաբաղում կռվում են Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը հերքել է այդ լուրերը: Թուրքիան անմիջապես չի մեկնաբանել՝ չնայած բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Էրդողանը, որոնք ավելի ու ընդգծված են ցուցադրում Թուրքիայի ռազմական մկաններն արտերկրում, խոստացել են աջակցել Բաքվին:
Երկու գրոհայինները, որոնք Թուրքիայի հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջաններում գործող և թուրքական բանակի աջակցությունը ստացող ապստամբական խմբավորման անդամներ են, ասել են, որ Ադրբեջան են մեկնել Անկարայի հետ համաձայնեցված:
«Ես չէի ուզում գնալ, բայց փող չունեմ: Կյանքը շատ ծանր է և սուղ»,- ասել է զինյալներից մեկը, որը Սիրիայում կռվել է Թուրքիայի աջակցությունը վայելող Ահրար ալ-Շամի շարքերում:
Երկու տղամարդն էլ ասել են, որ իրենց խոստացել են ամսական մոտ 1500 ԱՄՆ դոլար, ինչը մեծ գումար է Սիրիայի համար, որտեղ տնտեսությունն ու արժույթը փլուզված են: Զինյալն ասել է, որ իր հանձնարարության համար պայմանավորվել է Սիրիայի Աֆրինում Թուրքիայի կողմից աջակցությունը ստացող Սիրիայի ազգային բանակի (SNA) մի պաշտոնյայի հետ: Սիրիայի ազգային բանակի խոսնակը չի պատասխանել «Ռոյթերսի»՝ զինյալի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին:
«Ջայյշ ալ-Նուխբա» խմբավորումից մեկ այլ զինյալ ասել է, որ, իր տեղեկությամբ, մոտ 1000 սիրիացի պատրաստվում է մեկնել Ադրբեջան: Այլ ապստամբներ ասել են 700-1000-ի մասին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հրապարակված տեղեկությունը «անհեթեթություն է», թե սիրիացի մարտիկները գալիս են օգնելու իր երկրին: