Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հայտնում է «Ալիք մեդիան»:
«Մտահոգությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական սրացմանը, որը, ըստ տարածված տեղեկատվության, հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքների վնասների:
Հուսով ենք, որ հրադադարի մասին համաձայնություն ձեռք կբերվի, կողմերը կանցնեն բանակցությունների ռեժիմի և կխուսափեն լայնամասշտաբ ռազմական գործողություններից, ինչը կտրուկ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:
Վրաստանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին գործադրել բոլոր ջանքերը՝ դադարեցնելու սրացումը և վերսկսելու կառուցողական երկխոսությունը:
Իսկ մեր կողմից հայտարարում ենք, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստելու դեէսկալացիային և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն»,- ասվում է հայտարարության մեջ: