Սա զայրացնող է, բայց զարմանալի չէ: Կարող ենք հիշել վաղուց Իլհամ Ալիևի հնչեցրած խոսքերը՝ զորահանդեսի ժամանակ, թե պատերազմը չի վերջացել, այն կշարունակվի:
Նաև հիշենք մի շարք պարբերաբար արված ռազմական բնույթի նմանատիպ հայտարարություններ, որոնք սեփական ժողովրդին մոլորեցնելու համար են արվել, որպեսզի տպավորություն ստեղծի, թե ինքը իբր ազգային շահերն է պաշտպանում՝ ադրբեջանական հասարակության հասարակական կարծիքն ու տրամադրությունները նախապատրաստելով ի օգուտ նոր պատերազմի:
Հենց ադրբեջանական կողմի մեղքով ծագած միջադեպերի մի ամբողջ շարք է սա: Սա պետք է պաշտոնական Բաքվին, ոչ թե ադրբեջանական ժողովրդին, նրա համար, որ ցույց տան ներկա իրավիճակի անընդունելիությունը, որպեսզի վերադարձնեն հայկական կողմի տիրապետության տակ գտնվող հողերը, իսկ թե ինչու այդպես ստացվեց, Ալիևը չի ուզում պատասխանել:
Ադրբեջանը 93-ին, 94-ին էլ չէր ցանկանում կատարել անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնց թվում ռազմական գործողությունների, կրակի դադարեցման և դրանց հուսալի ամրացումն էր: Թե՛ Հեյդար Ալիևը, և թե՛ առավել ևս Իլհամ Ալիևն այդ պահանջները չեն կատարել: Փոխարենը միջադեպեր են հրահրում երբեմն նաև ոչ միայն արցախա-ադրբեջանական, այլ նաև հայ-ադրբեջանական շփման գծում: Այս պահն ամենևին պատահական չի ընտրված:
Ալիևը օգտվում է միջազգային ներկայիս իրադրությունից, երբ Ամերիկան զբաղված է ընտրություններով, Ռուսաստանը՝ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններով, իսկ Ֆրանսիան՝ դեղին բաճկոնավորներով: Այնպես որ, երևի հաշվարկն այսպես է արվել, թե Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն ջանքեր չեն գործադրի ռազմական գործողությունների դադարեցման համար:
Ադրբեջանի իշխանությունը, իհարկե, ձգտում է հարցի ուժային լուծման, ոչ թե Մինսկի խմբի՝ ցավոք հաճախ անարդյունավետ խաղաղ-քաղաքական ճանապարհով: Ադրբեջանի շահերը չեն համընկնում միջազգային հանրության շահերի և խաղաղության կոչերի հետ:
Սեփական ժողովրդի ուղեղները լվանալու և իշխանության ղեկին մնալու համար աղաղակում են, որ ռևանշի կհասնեն,- հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Լուրեր»-ի հետ զրույցում: