Ադրբեջանը օդային և հրթիռային հարձակումն Արցախի ուղղությամբ սկսեց վաղ առավոտյան: Ավելի ուշ Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը տեղեկացրեց՝ ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։
Զուգահեռ, Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է՝ հակառակորդը կիրառել է ռազմական ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա ու հրետանի:
ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:
Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է նաև՝ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, իբր, «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորած են եղել:
Այդ ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել՝ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:
Ադրբեջանը նաև հրետակոծել է քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով բնակչության շրջանում եղել են զոհեր ու վիրավորներ:
Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են: Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում:
Կեսօրից հետո «Հայկական միասնական տեղեկատվական հարթակում» ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է՝ արցախա-ադրբեջանական շփման գծում թեժ մարտերը շարունակվում են: Ռազմական գործողություններ են իրականացվել նաև հայ-ադրբեջանական սահմանին:
Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածությունը: Այսօր առավոտյան ԱՀ ԶՈՒ հրթիռահրետակոծությունը հիմնականում ուղղված է եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ՝ ՀՀ տարածքում, ոչ այդքան ինտենսիվ, այլ տեղերում չունենք նման իրավիճակ:
Վերջին տվյալով՝ առաջնագծի ամբողջ երկայնքով մարտերը շարունակվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:
Պաշտպանական գերատեսչությունը կոչ է արել Արցախի խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը: