Մենք չպիտի հիմա զոհվենք, մենք պիտի ապրենք և զոհենք մեր վրա հարձակվողներին: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք պետք է այս պատերազմով լուծենք այս հարցը և չթողնենք մեր երեխաներին: Մենք ինչ ունեինք կորցնելու, կորցրել ենք: Հիմա մենք ապրում ենք ուժեղների աշխարհում, և որ կողմն ավելի ուժեղ կլինի, աշխարհը կկանգնի նրա կողքին»,- ասաց Մարուքյանը՝ Գերագույն գլխավոր հրամանատարին հորդորելով տալ հրամաններ՝ գնալու առաջ:
«Այո, մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք, և նույն ցեղասպանություն իրականացրածները 100 տարի անց էլ ցեղասպանություն են իրականցնում մեր նկատմամբ: Մենք բոլորս ցեղասպանության վտանգի տակ ենք: Կա՛մ բոլորս կանգնում ենք՝ կանգնեցնելու ցեղասպանությունը, կա՛մ մնում ենք և արնաքամ լինում: Բայց մենք արնաքամ լինելու իրավունք չունենք, փառք մեր բանակին, մեր ժողովրդին, մեր սփյուռքին»,- ասաց պատգամավորը՝ կոչ անելով քննարկել և ճանաչել Արցախի Հանրապետությունը: