«Մենք չենք ուզել պատերազմ, մեզ պարտադրել են պատերազմ՝ չհայտարարված պատերազմ, բայց հայտարարված պատերազմ, քանի որ արդեն ամիսներ շարունակ հայտարարում են: Մենք կողմնակից ենք խաղաղ բանակցությունների, այսօր էլ հայտարարում ենք՝ ուշ չէ, խե՛լքի եկեք, այն հումանիտար աղետը, որ սպասվում է այս տարածաշրջանում, ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիևը և իր սերունդները»: Այդ մասին ԱՀ ԱԺ արտահերթ նիստում ասել է Արցախի նախագահը:
Նա տեղեկացրել է, որ առավոտից արդեն մի քանի ժամ է՝ հակառակորդը օգտագործում է ձեռքի տակ եղած գրեթե ամեն ինչ, օգտագործում են անօդաչու սարքեր:
«Ինֆորմացիա ունենք, որ ուղղաթիռներ, ինքնաթիռներ ևս առաջնագծում եղել են: Նաև քաղաքացիական շրջանում զոհեր ունենք, ինչպես նշեցի, տասնյակ վիրավորներ: Ռազմական դրության պայմաններում ես մի քանի րոպե հետո ստորագրելու եմ համատարած զորահավաք և ամբողջ ազգին կոչ եմ անում համախմբվել Արցախի և Հայաստանի իշխանությունների շուրջ:
Կոչ եմ անում Սփյուռքին քաղաքական ասպարեզում, բոլոր բնագավառներում պայքար սկսել ագրեսոր, մարդասպան Ադրբեջանի իշխանության դեմ: Պատերազմ հայտարարել ոչ թե Ստեփանակերտում, առաջնագծում, այլ ամբողջ աշխարհով մեկ, բայց այդ պատերազմը խաղաղ ադրբեջանցու դեմ չէ: Ես կոչ եմ անում իմ հայրենակիցներին՝ ՀՀ-ից դուրս ապրող, որ ադրբեջանցի քաղաքացիները մեղք չունեն՝ իրենց համար ազգադավ, ազգակործան, թալանչի, մարդասպան իշխանության համար:
Մենք արդար ենք, մենք խաղաղություն ենք ուզում: Մենք աղոթում ենք խաղաղության համար, բայց պատրաստ ենք ամբողջ գնով, ամբողջ ազգով, մեր կյանքով պաշտպանել մեր հայրենիքը»,- մասնավորապես ասել է ԱՀ նախագահը: